Հույս կա, որ Շիրակի մարզպետին փոխելուց եւ Հայաստանում նոր իշխանության հաստատումից հետո Գյումրիի 38 դպրոցի նախկին տնօրենի հանդեպ արդարությունը կվերականգնվի: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի պաշտպան, փաստաբան Հայկ Եգանյանը:
Դպրոցի նախկին տնօրենն, իր հերթին, հայտարարեց, որ հավատում է Հայաստանի նոր իշխանություններին:
«Ես հավատում եմ մեր ներկայիս կրթության եւ գիտության նախարարին, ինչպես նաեւ նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին ու ակնկալում եմ, որ նրանք պատշաճ ուշադրություն կդարձնեն 38 դպրոցի խնդիրներին, եւ ընդհանրապես մեր երկրի ամբողջ կրթական համակարգին»,- ասաց Շահբազյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի 38 դպրոցի նախկին տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատել են, եւ նրա փոխարեն նշանակել են 42 դպրոցի փոխտնօրեն Արմինե Նիկողոսյանին: Սա հարուցել է դպրոցի աշխատակիցների եւ ուսուցիչների դժգոհությունը, սակայն Շիրակի մարզպետը նախկին տնօրենին վերադարձնելու նրանց խնդրանքներին ուշադրություն չի դարձրել:



























