Աղբյուր Սերոբ – Վաղարշյան փողոցների հատման մոտակայքում կանաչ գոտին վերածվել է ավտոլվացման կետի եւ շատ մոտ է բնակելի շենքին: Այս մասին NEWS.am-ին ահազանգեց տարածքի բնակչուհի Սուսաննա Պեպանյանը` նշելով, որ շինարարությունը հակասում է բոլոր շինարարական նորմերին, թեպետ կառուցապատողը` Արամ ալեքսանյանը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի:

«Ես ճարտարապետներին ներկայացրել եմ հատվածի շինարարությունը, բոլորն էլ ասում են, որ կառույցը հակասում է բոլոր շինարարական կանոններին, բայց չգիտես ինչպես կառուցապատողը Տարոն Մարգարյանի ստորագրությամբ ապօրինի ստացել է բոլոր փաստաթղթերը: Մի փոքր մասը կանաչ տարածք է թողել կառուցապատողը, մյուս հատվածում մեր 5 հարկանի շենքի դիմաց 4 հարկի բարձրությամբ շինություն է կառուցել, որը փակում է շենքը եւ արեւը չի ընկնում»,- ասաց նա:

Սուսաննայի խոսքով` բացի այդ ավտոլվացման կետից կառուցապատողը եւս մեկ, նույն բարձրությամբ  շինություն է կառուցում, որը սակայն առայժմ կասեցվել է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին դիմելուց հետո:

«Սուրեն Պապիկյանն անմիջապես աձագանքել է եւ հետաքննություն է սկսվել»,- ասաց նա:

Եթե հետաքննության արդյունքում շինարարությունը շարունակվի, Սուսաննա Պեպանյանը շենքի բնակիչների հետ միասին նորից բողոքարկելու է, որպեսզի այլեւս շինարարություն չիրականացվի: