Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրից:

Նրա ձերբակալման որոշումը համարվել է ոչ իրավաչափ, իսկ կալանքի միջնրդությունը մերժվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ նույն հիմնավորմամբ ազատ արձակվեց նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

Նշենք, որ առավոտից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց Մասիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու փոխքաղաքապետին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Եվս երկու անձ կասկածյալ է։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

Նշենք, որ ձերբակալվածներից երկուսի՝ Սարգիս Սահակյանի եւ Գեւորգ Համբարձումյանի նկատմամբ նախօրեին խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նրանցից մեկը՝ 30-ամյա Գոռ Խաչատրյանը կալանավորվել է։