Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է Արցախում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի ակցիաներին:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու եւ կառավարելու գործում։
Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։ 
Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Այս միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ»:

Միջադեպին անդրադարձել է նաեւ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը, ով Facebook-ի իր էջում գրել է. «Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլեւ բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տասնյակ մարդիկ, վրդովված այս միջադեպով, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն էր։