Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից՝ անդրադառնալով վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխություններին:

ՏՄՊՊՀ-ի փոխանցմամբ, իրենք օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն են իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ, իսկ մսի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան:

«Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, եւ որեւէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին:

Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը եւ սպառողների մտահոգությունը, ՏՄՊՊՀ-ն երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որեւէ փոփոխություն չի արձանագրել, եւ սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում»

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխությանը, ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, եւ նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս:

«Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները եւ դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները Հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում: Հարկ ենք համարում նաեւ անդրադառնալ մի էական խնդրի եւս: Հանձնաժողովի որոշմամբ, որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող: Ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, որտեղ գերիշխող համարվելու համար տվյալ տնտեսվարողը իրացման ծավալներով պետք է զբաղեցնի շուկայի առնվազն 1/3-ը, այս դեպքում օրենքի հիմքում դրված են այլ չափորոշիչներ: Մասնավորապես. օրենքը սահմանում է, որ տվյալ առեւտրային կետը պետք է հանդիսանա նվազագույնը չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, իսկ առեւտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 1.5 մլրդ դրամի շեմը:

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները ( «Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ» ) միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առեւտրի 15 տոկոսը:

Բացի այդ, հարկ է նաեւ նշել, որ մանրածախ առեւտրով զբաղվում են հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը կազմել է 17 223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առեւտրի օբյեկտների ընդհանուր քանակը 82 է:

Կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առեւտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում բավականին ցածր է:

Այս հանգամանքը փաստում է, որ վերջիններիս կողմից մրցակցությունը սահմանափակելու հնարավորություններն ու ռիսկերը բավականին ցածր են: Հանձնաժողովը շարունակում է վերահսկողություն եւ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու եւ բացահայտելու ուղղությամբ»,-ասացին ՏՄՊՊՀ-ից: