Նիկարագուայում հակակառավարական ելույթների ժամանակ զոհերի թիվը հասել է 127-ի, հայտնում է Nuevo Diario պարբերականը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի տվյալները:
Նիկարագուայում բողոքի ակցիաներ են ընթանում ապրիլի 18-ից՝ իշխանությունների առաջարկած բարեփոխման ֆոնին, որով նախատեսվում է գործատուներից եւ աշխատողներից սոցիալական ապահովության ֆոնդերի օգտին պահվող գումարի մեծացում: Երկրի նախագահ Դանիել Օրտեգան այն արդեն չեղյալ է համարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը 100-ից անցել է:
«Մեր տեղեկորություններով բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 127 մարդ, տուժել է մոտ հազարը»,- ասել է հանձնաժողովի գործադիր քարտուղար Պաուլո Աբրաուն:
ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Նիկարագուայում հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ զոհերի ու վիրավորների թվի աճով եւ բռնություններին երկրի իշխանությունների հնարավոր մասնակցությամբ: Գրասենյակից երկրին կոչ են անում իրենց առաքելությանը երկիր մուտք գործելու հասանելիություն տրամադրել, որպեսզի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտումների ապացույցներն առաջին ձեռքից հավաքեն:




























