Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ն է ամենահիմնական օղակը, որի միջոցով մսխվել են նախարարության միջոցները: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է այդ ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Հակոբ Ասլանյանը:

«Կենտրոնն է այն հիմնական օղակը, որի միջոցով մսխվել են կամ ինչ են արել գումարները, չգիտեմ, կտեսնենք, կոռուպցիա եղել է: ՊՈԱԿ-ը ամենապատասխանատու օղակն է նախարարության ֆինանսական հոսքերի պահպանման եւ հարկատուների գումարի պահպանման եւ մեր հարկատուների ճիշտ օգտագործման համար: Ես նշանակվել եմ մի պաշտոնի, որն ամենառիսկայինն է: Ես հստակ կարող եմ ասել, որ հետայսու չի լինելու որեւէ քայլ, որեւէ կոպեկի յուրացում, որեւէ չարաշահում՝ նույնիսկ չնչին: Մենք չենք եկել հենց այնպես, եկել ենք լինելու համար, մենք դա շուտով կանենք, եւ ժողովուրդը կտեսնի, թե իր տված հարկերը ինչպես են տնտեսվում»,- ընդգծեց Հակոբ Ասլանյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռ մեկ շաբաթից մի փոքր ավել է, որ աշխատանքի է ընդունվել եւ իրեն դուր չի եկել, որ իերնց կենտրոնում ոչ մի բան կարգավորված չի եղել, ոչ ոք պատասխանատու չի եղել, պարտականությունները եւ իրավունքները չեն ճշտվել:

«Արդեն հանձնարարել եմ, ներքին կարգապահական կանոնների հիման վրա ծրագիր է մշակվել, որտեղ յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու կլինի իր աշխատանքի համար: Կլինեն նաեւ կադրային փոփոխություններ»,-ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը: