ՆԱՏՕ-ի ավիացիան, որը ներկայացված է Հունաստանի եւ Իտալիայի օդանավերով, սկսել է Մոնտենեգրոյի օդային տարածքի պարեկումը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկրի անդամակցության տարեդարձին ընդառաջ: Այս մասին երեքշաբթի հայտնել է Մոնտենեգրոյում ՆԱՏՕ-ի առաքելության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Պարեկային առաջին թռիչքը շարունակվում է: Մնացեք մեզ հետ»,- նշված է առաքելության Twitter-ի էջում: Դրանից զատ, հոլովակ է հրապարակված, որում Մոնտենեգրոյի ՌՕՈՒ սպան ռադարի վրա ցույց է տալիս պատկերը. «Ահա, թռչում են հունական 3 «Ֆանտոմ», սա մեր օդանավն է, իսկ ահա թռչում են 2 «իտալացի»: Իսկ այս պահին մեր օդանավը հանդիպել է հունականին, իտալական կործանիչները 2 րոպեից կմոտենան»:

Մոնտենեգրոյի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ բալկանյան այս երկրի երկնքի պարեկումը ՆԱՏՕ-ի օդանավերով կլինի «շուրջօրյա եւ բացառապես անվճար», եւ ոչ մի նվաստացուցիչ բան չկա երկնքում օտար օդանավեր հայտնվելու մեջ, քանի որ սա ՆԱՏՕ-ում տարածված պրակտիկա է: «Դաշինքի՝ պաշտպանության սեփական հնարավորություններ չունեցող անդամների օդային տարածքի պաշտպանության գործում դաշնակիցների համագործակցությունը, որը սկսվել է 1961 թվականին, ներառում է Իսլանդիայի եւ Լյուքսեմբուրգի օդային տարածքի պաշտպանությունը, 2004 թվականից՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի: 2009 թվականից Իտալիայի եւ Հունաստանի օդանավերը պաշտպանում են Ալբանիայի օդային տարածքը, իսկ այսօրվանից՝ Մոնտենեգրոյի օդային տարածքը, 2015 թվականից՝ Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգը համատեղ են պաշտպանում իրենց օդային տարածքը»,- թվարկել է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը: