ԿԳՆ միջնաժամկետ ծրագրերից է Կրթության ազգային ինստիտուտի վերափոխումը, ուսուցիչների ատեստավորման եւ վերապատրաստման համակարգի արմատական բարեփոխումը, բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության համատարած հասանելիությունը: Այս մասին, այսօր՝, հունիսի 5-ին, կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, նմանատիպ ծրագրերից է նաեւ փոքր աշակերտական համակազմ ունեցող դպրոցների արդյունավետ կառավարման մոդելի ներդնումը, 12-ամյա կրթության համակարգի բովանդակային բարելավումը, մասնագիտական կրթության համակարգի եւ աշխատաշուկայի միջեւ արդյունավետ կապի ապահովումը:
Նախարարն ընդգծել է, որ նախորդ իշխանության կողմից որդեգրված փոքր դպրոցների օպտիմալացման մոդելն արդյունավետ չի եղել, հակառակը` կրթությունը դարձել է ավելի անհասանելի:



























