Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային եւ GIZ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:
Նախարաարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում ընկերության գործունեությունը եւ ընդգծել, որ GIZ-ի արհեստավարժ աշխատակազմի մասնակցությամբ մշակվել եւ կյանքի են կոչվել բազմաթիվ իրավական ակտեր, օրինակ, վարչական իրավունքի օրենսդրությունը, որը, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, ՀՀ-ում լավագույններից է:
GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար եւ վստահեցրել, որ ընկերության աջակցությունը ՀՀ արդարադատության համակարգին շարունակվելու է:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2018-2023 թվականների Իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարությանը, նոտարական ոլորտի, հանրագրերի եւ վարչական պատասխանատվության ինստիտուտների բարելավմանը: Վերջինի առումով նախարարն ընդգծել է, որ վարչական պատասխանատվության ինստիտուտը պետք է այնպես վերափոխել, որ պետությունը արդյունավետ կառավարման հասնելու համար կարողանա հավասարակշռել իր հնարավորությունները հետապնդվող նպատակին հասնելու հետ:
«Մեր ցանկությունն է պատասխանատվության այնպիսի միջոցներ սահմանել, որոնք կծառայեն իրենց նպատակին եւ կունենան կանխարգելիչ բնույթ»,- ասել է Արտակ Զեյնալյանը:





























