ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով:

Այս առնչությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասվում է.

«Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների եւ ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության եւ առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, եւ դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա¬դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:

Ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  սահմանադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համապատասխան գործընթացը կարող է տեւել ընդհուպ մինչեւ վեց ամիս, եւ այդ ժամկետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորումներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա եւ տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաեւ անհրաժեշտության եւ ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է:

Պետք է նկատել նաեւ, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ եւ տրամաբանական է նաեւ այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման եւ ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առանձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները եւ դրանից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաեւ միջազգային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող եւ չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ եւ տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը:

Միաժամանակ «Ազգային ժողովի կանոնա¬կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլեւ, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով: 

Այս եւ համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով եւ ղեկավարվելով Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններով՝ դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»: