Եթե նախագահի կողմից փոփոխություն չկատարվի, հանրության կողմից ճնշումները այնպիսին կլինեն, որ ստիպված հրաժարական են տալու մարդիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար, Արցախի ԱԺ-ում ամենամեծ կուսակցության՝ «Ազատ հայրենիք»-ի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:

«Այսօր իշխանությունը ավելի զգոն պետք է լինի, ավելի թափանցիկ պետք է աշխատի: Նախագահը այդ խնդիրը պետք է դնի նոր կադրերի առջեւ, իսկ ովքեր մնան, պետք է իրենց փոխեն իրենց գործելաոճը:

Հանրությունը իր կարծիքը հայտնելով մասնակցում է պետական կառավարմանը: Այնքան են պահանջելու, ստիպելու, որ հրաժարականի հասնեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 6-ին հրաժարականներ են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը: