«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների եւ կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր:
«Գնումների մասին» 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվել է, որ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե թույլ է տվել օրենքում նկարագրված մի շարք խախտումներ:
Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափը հավասար է գնումների բազային միավորին՝ 1.000.000 դրամ:
Բարձրացված խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 30-ին լուծարվել է: Պարզվել է նաեւ, որ 2011-2017 թվականներին բազմաթիվ դեպքերում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումներով տնտեսվարող սուբյեկտների համար հաստատվել են այնպիսի խախտումներ, որոնց դեպքում առաջանում է հայտի ապահովման վճարներ մուծելու պարտավորությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով հայտի ապահովման միջոցների վճարումն ապահովելու պարտականություն, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները, միջոցներ չեն ձեռնարկել տնտեսվարող սուբյեկտներից համապատասխան գումարները գանձելու ուղղությամբ: Արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:
Ներկայումս աշխատանքներ են տարվում խախտման բոլոր դեպքերի եւ վնասի կոնկրետ չափի ճշգրտման ուղղությամբ: Մայիսի 5-ի դրությամբ արդեն իսկ հաստատվել է շուրջ 174 միլիոն դրամի վնասի առկայությունը, որը վերջնական հաշվարկների արդյունքում կարող է ավելանալ: Դատախազության կողմից խնդիրը վերհանելուց հետո ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ դատարան հայցեր է ներկայացրել հայտի ապահովման միջոցների գանձման վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակում առկա են պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցագործության առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:





























