Սամեգրելո տարածաշրջանից եւս մեկ ծառ են տեղափոխել Գուրիայի Շեկվետիլի կոչվող վայր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր։ Այս անգամ Իվանիշվիլին ձեռք է բերել մշտադալար կաղնի, որն աճում էր Զուգդիդի շրջանի գյուղերից մեկում, հայտնում է «Նովոստի Վրաստան» կայքը։
Ծառը Դարչելի գյուղ տեղափոխելու համար հատուկ ճանապարհ են կառուցել՝ վեց կիլոմետր երկարությամբ։ Տեղի իշխանությունները դրա համար մի քանի տասնյակ հազար լարի են ծախսել, հայտնում է «Ռուստավի -2» հեռուստաընկերությունը։
Եզակի կաղնին տեղափոխելու համար ստիպված են եղել կտրել ճանապարհի եզրերին աճող ծառերի ճյուղերը։ Նաև ճանապարհի երկայնքով ապամոնտաժել են փոխադրմանը խանգարող էլեկտրալարերը։ Կաղնու «ճամփորդությունը» տևել է ութ ժամ, ինչի հետևանքով կաթվածահար է եղել դեպի գյուղ տանող ճանապարհների երթևեկությունը ու սահմանափակվել է էլեկտրամատակարարումը։ Արդյունքում կաղնին ի վերջո հասցրել են Անակլիա, այնտեղից էլ ծովով մինչև օրվա վերջ կտեղափոխեն Իվանիշվիլիի բուսաբանական այգին։
Բացի դրանից, հունիսի 5-ին, Աջարիայից միլիարդատիրոջը պատկանող բուսաբանական այգին էին տեղափոխել ևս մեկ դարավոր ծառ։ Իրադարձությունների վայրից տեսագրությունը տարածել է «Բաթումելեբի» թերթը։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























