Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը 1 օրով հետաձգելու, որպեսզի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը լրացնեն հիմքերի առումով եւ կրկին ներկայացնեն:

«Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, եւ այդ կապակցությամբ ներկայացված միջնորդության եւ դատախազության առարկության դեպքում դատարանը չի կարող խախտել անձանց հիմնարար իրավունք հանդիսացող ազատության առանց որեւէ հիմքի սահմանափակելը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: