Հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր քաղաքում գտնվող Լոռու մարզի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք գրանցված երկրաշարժի եւ դրանից հետո արձանագրված հետցնցումների արդյունքում ստեղծված իրավիճակն ու արձագանքման հիմնախնդիրները:

Նախարարն անդրադարձավ այն առաջադրանքներին, որոնք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգը ստանալուն պես հանձնարարել էր իրականացնել:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Կոտայքի մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ հսկողություն սահմանել սողանքային երեւույթների նկատմամբ, հատկապես հետեւել ՀՀ Շիրակի մարզի Առափի, ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ, ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում տեղադրված էքստենզոմետրերի ցուցիչներին եւ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում երկաթգծին սպառնացող տեղամասում տեղադրված չափիչ սարքերի տվյալներին:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ ակտիվացնել սեյսմիկ դիտացանցը եւ ուժեղացնել հսկողությունը հանրապետությունում սեյսմիկ իրավիճակի նկատմամբ պարբերաբար, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես ներկայացնել տեղեկատվություն սեյսմիկ իրադրության վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարարը եւս մեկ անգամ հանձնարարեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանրության շրջանում խուճապային տրամադրություններից խուսափելու նպատակով միջոցառումներ ձեռնարկել տեղում բնակչության իրազեկման եւ բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Բնակչության իրազեկման համար անհրաժեշտության դեպքում ներգրավել ՀՀ ոստիկանության տարածքային եւ ՄՓՎ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին, կիրառելով տեխնիկական բոլոր հնարավոր միջոցները, խուճապի կանխումը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում իրականացնելով շրջայցիկ ելքեր՝ բարձրախոսերի կիրառմամբ: Բնակավայրերում, համայնքների ղեկավարների հետ համատեղ բնակչությանն իրազեկել երկրաշարժի հետեւանքով սողանքային եւ քարաթափման վտանգավոր տեղամասերում այդ պրոցեսների ակտիվացման դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

«Հանրության հետ աշխատանքներում պետք է ներգրավենք նաեւ ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության մեր աշխատակիցներին, մարդիկ պետք է լինեն տեղեկացված, զգան, որ իրենք մենակ չեն, զգան, որ ապահով են»,-եզրափակեց ԱԻ նախարար Ռոստոմյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի կողմից արձագանքման գործողություններ չեն իրականացվել, քանի որ տեղի ունեցած երկրաշարժերը թույլ են եղել եւ գործող պլաններով չեն նախատեսում որեւէ փրկարարական արձագանքում, այլ նախատեսում են միայն պարբերաբար թարմացվող տեղեկատվության տրամադրում՝ բնակչությանը ժամանակին իրազեկման եւ խուճապի ու ստահոդ լուրերի կանխման նպատակով:

Լոռու մարզում ԱԻ նախարարն այցելեց նաեւ մարզային փրկարարական վարչություն եւ Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ծանոթանալու տեղի հագեցվածությանն ու արձագանքման հնարավորություններին: