Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նա նաեւ ներկայացրեց պատգամավորներ Ալիկ Սարգսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու համար։
Հովիկ Արսենյանը որպես միջնորդության հիմքեր ներկայացրեց այն, որ Գառնիկ Մարգարյանն այս ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսեւորել, կալանավորման հիմքեր չեն եղել, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավարն է, գեներալ։
Պաշտպանը միջնորդեց խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ սահմանել։ Պաշտպանը նաեւ ներկայացրեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 33 վետերան ազատամարտիկների անձնական երաշխավորությունը։
Գործով մեղադրողը հայտարարեց, որ անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայության եւ վճարված անդորրագրերի առկայության պարագայում նոր դիրքորոշում կհայտնի։
Նշենք, որ Զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատներն այս պահին դատարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն ամբաստանյալների։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 1 ժամից։
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:































