Եվրամիությունը, Մեքսիկան եւ Կանադան տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի նկատմամբ կիրառել են անազնիվ առեւտրային պրակտիկա, եւ նրանք հասկանում են, որ շուտով դա վերջ կունենա: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախքան Կանադա G8 գագաթնաժողովին մեկնելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կպարզենք անազնիվ առեւտրային պրակտիկաների հարցը: Եթե տեսնեք, թե Կանադան, Մեքսիկան եւ Եվրամիությունը շատ տասնամյակներ ինչպես են վարվել մեզ հետ, մենք պետք է դա փոխենք, եւ նրանք հասկանում են, որ դա տեղի կունենա»,- ասել է նա:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսամերիկայն ազատ առեւտրի մասին համաձայնագիրը (NAFTA) վերակնքել ավելի լավ պայմաններով: Սակայն եթե դա տեղի չունենա, Վաշինգթոնը, միեւնույն է, լավ դիրքերում կհայտնվի: «Մենք չենք պատաստվում հաշտվել այն գործարքների հետ, որ կան հիմա»,- նշել է նա: Ըստ որում՝ Թրամփը ենթադրել է, որ հնարավոր է հեշտությամբ հասնել NAFTA-ի համաձայնագրին:
Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին եւ սկսել է գործել 1994 թվականին:
Թրամփի պահանջով կողմերը խորհրդակցություններ են սկսել նոր պայմաններով այս համաձայնագրի փաստացի վերակնքման շուրջ: Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ ԱՄՆ-ն չի բացառում NAFTA-ն փակելը եւ Կանադայի ու Մեքսիկաի հետ համանման բովանդակությամբ երկկողմ պայմանավորվածությունների անցնելը:





























