ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մեկ տարի առաջ մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցչի հայցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարկ Սաֆարյանը: Նրա խոսքով, վերջնական որոշում է կայացվել, ըստ որի Շվեդիայի ոստիկանությունը մեղավոր չէ Դավիթի մահվան մեջ: Մարկ Սաֆարյանի խոսքով, գործում, սակայն, առկա են փաստեր, ըստ որի Դավիթի մահը վրա է հասել մարդկային իրավունքների ոտնահարման արդյունքում:
Շվեդիայի արդարադատության կանցլերը 2017 թ. հունիսի 19-ին պահանջել էր վերանայել Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի քրեական գործը: Մարկ Սաֆարյանը դիմել էր Շվեդիայի արդարադատության կանցլերին՝ Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու համար, իսկ ավելի ուշ Շվեդիայի դատախազությունը հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր հայ տուրիստի մահվան փաստով հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, այդ վիճակում ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանություն:





























