Հեղափոխությունից հետո Հանրապետական խմբակցությունը լքած պատգամավորների թվում է նաեւ Արթուր Գեւորգյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան։ Վերջինս երկու անգամ պատգամավոր է դարձել ոչ թե ՀՀԿ համամասնական ցուցակով, այլ Դավիթաշեն վարչական շրջանից մեծամասնական, ապա ռեյտինգային ընտրակարգով։ ՀՀԿ–ից դուրս գալու նրա քայլը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում որակել էր որպես կուսակցության ինքնամաքրման գործընթաց։ Հիշեցնենք, որ ՀՀԿ–ն լքել են Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) եւ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ–ի Արտակ)։ Նրանք ՀՀԿ–ին ձայն բերողներն են համարվել։ Արթուր Գեւորգյանը NEWS.am–ի հետ հարցազրույցում, արձագանքելով Վահրամ Բաղդասարյանի կոշտ գնահատականին, հայտարարեց, որ իրենք են ինքնամաքրվել ՀՀԿ–ից դուրս գալու քայլով։
Պարո´ն Գեւորգյան, երբ Դուք հայտարարեցիք ՀՀԿ կուսակցությունը, խմբակցությունը լքելու մասին, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am–ի հետ զրույցում այն որակեց կուսակցության ինքնամաքրման գործընթաց։ Ձեր գործընկերոջ գնահատականին ինչպե՞ս եք վերաբերվում։
Իմ խոսքի մեջ ես հուշել էի, որ իմ գործընկերները փոքրիկ քննադատություններից եւ պիտակավորումներից զերծ մնան, որովհետեւ դա չէր բխում իրենց շահերից։ Ես չեմ կարծում, որ Վահրամ Բաղդասարյանն ինձ է նկատի ունեցել. եթե մեկ անգամ էլ իրեն հարցնեք, կարծում եմ՝ բացասական պատասխան կստանաք...
Հարցը կոնկրետ Ձեր դուրս գալուն է վերաբերել, ես կոնկրետ Ձեր անունն եմ նշել, ինչին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ կուսակցությունն ինքնամաքրվում է....
Միգուցե ճիշտ է պարոն Բաղդասարյանը, մե´նք ինքնամաքրվեցինք....
Դո՞ւք...
Այո...
Դուրս գալով Հանրապետական կուսակցությունից...
Ինչու չէ, նաեւ այդպես կասեմ...
Իսկ ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ–ն, հեղափոխությունից հետո հանրապետականները պնդում էին, որ խմբակցությունը միասնական է։
Դուք երբեւէ ինձ չեք հարցրել միասնական լինելու մասին, ո՞վ կարող էր վստահեցնել, որ միասնական է լինելու։ Կուսակցությունը բավականին մեծ է, էնտեղ կան ինքնուրույն կայացած պատգամավորներ, եւ չեմ կարծում, որ ճիշտ է առանց ընդհանուր թիմի հետ քննարկելու հայտարարություններ անել։ Հիմնական պատճառն էլ այդ եղավ, որ բոլորի կարծիքը ոչ բոլոր դեպքերում էին հաշվի առնում, իսկ հետո դու կարող էիր իմանալ, որ քո անունից հայտարարություն է արվել։ Մի երկու անգամ զգուշացնելուց հետո հարկ եղավ քայլեր ձեռնարկել։
Մինչ կուսակցությունից դուրս գալը այդ որոշման մասին տեղեկացրե՞լ էիք խմբակցության ղեկավարին։
Պայմանավորվածություն չի եղել, ես զանգահարել եմ Վահրամ Բաղդասարյանին եւ տեղյակ եմ պահել, ինչից հետո ուղարկել եմ դիմումս։
ՀՀԿ–ն միայն իշխանության համա՞ր էր գրավիչ, իշխանությունը կորցնելուց հետո անդամակցությունը կարծես թե գործարար հատվածի համար անիմաստ է դառնում։
Չի կարող մեկը նշել, որ ես ինչ–որ շահ եմ ունեցել տարիների ընթացքում եւ երբեւէ ինչ–որ պահից օգտվել եմ, ես ավելի շահեկան թեկնածու եմ եղել կուսակցության համար եւ ոչ միայն Հանրապետականի։ Ես շատ շահեկան թեկնածու կարող էի լինել բոլոր կուսակցությունների համար, որովհետեւ էդ կուսակցությանը ես տվել եմ իմ անձի ու իմ ընտանիքի հեղինակությունը եւ դրա շնորհիվ կոնկրետ վարչական շրջանում ռեյտինգային կարգով, իսկ մինչ այդ մեծամասնական կարգով ընտրվել եմ պատգամավոր։ Ես շատ ժամանակ չեմ ասոցացվել Հանրապետական կուսակցության հետ, թեեւ ես չեմ խուսափում ՀՀԿ–ից, եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ եւ ավելի շատ բան եմ տվել կուսակցությանը, քան ստացել կուսակցությունից։ Ես չեմ ուզում իմ գործընկերներին քննադատել, դա տեղին չէ հիմա, ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով էր սխալ։ Ես նախորդ անգամ նշել էի, որ ակնկալում եմ որոշակի առողջացման քայլեր, որ թիմը ինքնաքննադատաբար կմոտենա իր գործունեությանը եւ կգնա ինքնամաքրման ճանապարհով, հակառակ դեպքում մենք էինք քայլեր անելու։
Կուսակցությունում կան քաղաքական եւ գործարար թեւեր, Դուք ո՞ր թեւից եք։
Քաղաքական կորիզը ձեւավորվում էր իմ ընտրվելու արդյունքում։ Իմ ընտրվելու դեպքում ես Ազգային ժողով էի բերում մեկ–մեկուկես պատգամավոր եւ ես ու ինձ նման շատերը, ովքեր ժողովրդի մոտ դրական էին ընկալվում, իրենք էին կուսակցության ձայները հավաքելու ջատագովները, եւ նրանք են քաղաքական կորիզի առկայությունը ՀՀԿ խմբակցությունում ապահովողը եղել։ Կարծում եմ՝ կուսակցության քաղաքական կորիզն ու թիմը բացի շնորհակալությունից այլ խոսքեր չպետք է հնչեցնի իր գործընկերների մասին։
Ձեր նախկին թիմակից, ՀՀԿ գաղափարական թեւի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը կարծում է, որ գործարար թեւի՝ ՀՀԿ–ից դուրս գալու պատճառը իշխանության հնարավոր ռեպրեսիաներն են։ Դուք ունեի՞ք նման մտավախություն։
Ռեպրեսիաներ չկան, ու չկա այդպիսի մի բան, որից կարող եմ վախենալ։ Ես վարչական շրջանի ղեկավար եմ եղել, թող գնան, ստուգեն՝ ինչպես եմ աշխատել։ Ես իմ թիմի հետ եմ եղել, երբ որ ժողովրդի ճնշում կար, եւ մինչեւ վերջին վայրկյանը մնացել եմ քաղաքական թիմի սկզբունքներին հավատարիմ. չեմ լքել, չեմ դավաճանել քաղաքական թիմին, քվեարկել եմ վարչապետի թեկնածությանը դեմ, որը դարձյալ եղել է քաղաքական թիմի որոշման տիրույթում։ Ես այդ դեպքերից հետո եմ դուրս եկել կուսակցությունից եւ այսուհետ քվեարկելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակում։
Ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին, Ձեզ վստահությո՞ւն ներշնչեց։
Ինձ այնքան ծրագիրը դուր չի եկել, որքան վարչապետի խոսքը, որն այդքան էլ ծրագրից չէր։ Վարչապետը մի քանի շեշտադրումներ արեց մի շարք մոտեցումների փոփոխման վերաբերյալ, ինչը ողջունելի է, օրինակ՝ բոլոր արատավոր երեւույթները, որ գոյություն ունեին, ու դրանց մասին մենք էլ գիտեինք, հեծանիվ չեն հորինել... Կառավարության ծրագիրն ինձ վստահություն չի ներշնչել, վստահություն է ներշնչել վարչապետի խոսքը, եւ մեծ սպասում ունեմ, որ դրանք կյանքի կկոչվեն, եւ ես պատրաստ եմ իմ քվեով աջակցել այդ նպատակների իրագործմանը։
Հնարավո՞ր է՝ նոր քաղաքական ուժ ստեղծեք եւ մասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Թե նոր կուսակցություն կլինի, թե այլ կուսակցությունների հետ համագործակցություն, ժամանակը ցույց կտա, բայց որ գործընթացներ լինելու են, հաստատ է...
Դա լինելու է նո՞ր ուժ, թե՞ ՀՀԿ–ի վերափոխված տարբերակը։
Ես կուզեմ ՀՀԿ–ն գտնի իր մեջ այդ ուժը եւ փորձի մնալ քաղաքական դաշտում: Իմ մասով ասեմ՝ ես դուրս եմ եկել ՀՀԿ–ից, ինձ համար կարող է բացվել քաղաքական նոր էջ, եթե հստակ որոշեմ հետագայում շարունակել քաղաքական գործունեությունը։
Արտահերթ ընտրություններին կողմնակի՞ց եք։
Իհարկե, այո։





























