Կանադայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետեր Ջասթին Թրյուդոն ու Թերեզա Մեյը G7 գագաթաժողովի շրջանակում քննարկել են համաշխարհային անվտանգության հարցերը, այդ թվում իրավիճակը Ուկրաինայում ու ԿԺԴՀ-ում։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետերը քննարկել են G7-ի հիմնական խնդիրները, որոնք են տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը, նաեւ միջազգային անվտանգության թեման, այդ թվում Հյուսիսային Կորեան ու Ուկրաինան»,- նշվում է փաստաթղթում։
Նաեւ Թրյուդոն ու Մեյը շեշտել են G7 երկրների համատեղ գործողությունների կարեւորությունը համաշխարհային օվկիանոսի պահպանման, սեռերի հավասարության, կանանց ու աղջիկների համար աշխարհի ոչ բարեկեցիկ տարածաշրջաններում կրթական ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Բացի դրանից, նրանք նշել են միջազգային առեւտրի կանոնները պահպանելու կարեւորությունը։





























