ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրես է ուղարկել ամենամյա հերթական իրազեկումը «աշխարհում հակաահաբեկչական գործողություններին», ինչպես նաեւ «խաղաղապահ ջանքերին, մասնավորապես՝ Կոսովոյում,» ամերիկացի զինծառայողների մասնակցության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահին սա կատարել է պարտավորեցնում 1973 թվականին ընդունված Ռազմական իրավասությունների մասին օրենքը:

«2001 թվականի հոկտեմբերի 7-ից ԱՄՆ Զինված ուժերը սկսել է ռազմական գործողություններ անցկացնել Աֆղանստանում՝ «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչների եւ նրանց կողմնակիցների դեմ,- նշել է Թրամփը: - 2014 թվականի օգոստոսից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաջողությամբ գործողություններ են անցկացվում Իրաքում եւ Սիրիայում, որոնք զգալիորեն թուլացրել են այս արաբական երկրներում ԻՊ հնարավորությունները: Այս գործողություններին աջակցելու նպատակով 2,6 հազար ամերիկացի զինծառայողներ են տեղակայված Հորդանանում, եւս 120՝ Լիբանանում»:

«ԱՄՆ-ն Լիբիայում ավիահարվածներ է հասցրել «Ալ Քաիդա»-ի եւ ԻՊ գրոհայիններին, Աֆրիկական Սախելի շրջանում օգնություն է ցուցաբերում աֆրիկական եւ եվրոպական գոծընկերներին, մոտ 730 ամերիկացի զինծառայողներ տեղակայված են Նիգերում»,- նշել է նա:

«Եթե անհրաժեշտ լինի, ես կկարգադրեմ ի պատասխան ահաբեկչական սպառնալիքների՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին եւ ԱՄՆ շահերը պաշտպանելու համար,- ընդգծել է Թրամփը: - Ներկայումս անհնար է կանխատեսել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու նպատակով ամերիկյան զորքերի տեղակայման կոնկրետ չափերն ու տեւողությունը»: