Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի կառավարության որոշումը յոթ մզկիթները փակելու եւ մի շարք իմամների երկրից արտաքսելու մասին, փոխանցում է DW-ն։

Էրդողանի խոսքով, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի որդեգրած միջոցները կհանգեցնեն «խաչի ու կիսալուսնի միջեւ պատերազմի»․ «Դուք կարծում եք՝ մենք չենք արձագանքի՞, եթե դուք այդպիսի քայլերի դիմեք»,-հայտարարել է Էրդողանը՝ չհստակեցնելով կոնկրետ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել Թուրքիան։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հունիսի 8-ին հայտարարել է երկրի տարածքում գործող 7 մզկիթների փակման մասին։ Ավստրիայի իշխանությունները մտադիր են նաեւ արտաքսել մեծ թվով իմամների եւ նրանց ընտանքիներին՝ ներկայումս ստուգումներ են անցկացվում 40 իմամների նկատմամբ։ Կառավարության գործողությունները հիմնված էին 2015 թվականին ընդունված օրենքի վրա, որը, ի թիվս այլ կետերի, պահանջում է մուսուլմաններից հավատարիմ հարաբերություններ պահպանել Ավստրիայի հասարակական նորմերին ու սկզբունքներին։