ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմարշից հետո, ով հետ էր կանչել իր ստորագրությունը Կանադայում կայացած G7-ի գագաթնաժողովի հայտարարությունից, պաշտոնական Փարիզը կոչ է արել հարգել միջազգային համագործակցության սկզբունքները, փոխանցում է DW- ն:

«Համագործակցությունը միջազգային մակարդակում չպետք է կախված լինի զայրույթի կամ վրդովմունքի պոռթկումներից»,- ասվում է հունիսի 10-ին Ֆրանսիայի նախագահի վարչակազմի կողմից տարածված հայտարարության մեջ: Ստորագրությունը հետ կանչելու մասին իր որոշումը Թրամփը հիմնավորել է իր դժգոհությամբ Կանադայի վարքագծով:

«Մենք երկու օր ենք ծախսել՝ տեքստը մշակելու եւ դրանում կողմերի պարտավորությունները սահմանելու համար: Մենք հետեւում ենք դրանց եւ կարծում ենք, որ նա, ով հրաժարվում է պայմանագրերից, ցույց է տալիս իր անհետեւողականությունն ու անկարողությունը»,- ասվում է Փարիզի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի վերջին հայտարարությունների ֆոնին որոշել է հրաժարվել G7-ի գագաթնաժողովի վերջնական հայտարարության տեքստին հավանություն տալուց: