Ստեփանակերտում նախատեսված հանրահավաքից առաջ Վերածննդի հրապարակը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից, եւ հանրահավաքն այլ վայր է տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Դոլուխանյանը:
«Ինչքան էլ համոզեցինք, որ մեզ թույլատրեն հանրահավաքն անցկացնել Վերածննդի հրապարակում, ոստիկաններն անդրդվելի մնացին, եւ մենք ստիպված հանրահավաքը տեղափոխեցինք Ներսես Ստեփանյանի անվան քաղաքային պուրակի տարածք»,- ասաց Դոլուխանյանը՝ նշելով, որ հանրահավաքին մասնակցում է շուրջ 200 քաղաքացի:
Մինչ այդ, քաղաքապետարանից հանրահավաքի կազմակերպիչներին տեղեկացրել էին, որ հանրահավաքն արտոնված չէ, չնայած Ազգային վերածնունդ» կուսակցության անդամները մի քանի անգամ դիմել էին քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ նախատեսված հանրահավաքի առիթը վերջին իրադարձություններն են՝ կապված ԱԱԾ աշխատակիցների եւ բնակիչների միջև վեճի հետ, որի արդյունքում պետական պաշտոններում փոփոխություններ տեղի ունեցան: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանրահավաք էր հրավիրել՝ քննարկելու ճգնաժամային իրավիճակից դուրս գալու շուրջ մոտեցումները:





























