«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն ռուբլի կստանան դաշնային եւ տարածաշրջանային բյուջեներից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ կառավարության նիստի ժամանակ:

Նրա խոսքով, նրանք, ովքեր ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ են ստացել, կստանան 1,9 մլն ռուբլի, իսկ թեթեւ վնասվածք ստացածները՝ 1,2 մլն ռուբլի:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։  

Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել 4 հոդվածներով. «ահաբեկչություն», «երկու եւ ավելի մարդկանց սպանություն», «զենքի եւ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն» եւ « զենքի եւ պայթուցիկ նյութերի պատրաստում»:

Ահաբեկչությունից տուժած 110 մարդ գիշերվա ժամը 3-ի դրությամբ, գտնվել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի տարբեր հիվանդանոցներում, հայտնել է Առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Մաքսիմ Տոպիլինը: «48 մարդու կյանք գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասել է նա, հավելելով, որ զոհերի թիվը չի փոխվել՝ 35 մարդ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ճշտված տվյալների համաձայն, «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական պայթյունից տուժածների շարքում կա 4 հայ:

Դա 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանն է (ապրում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում, տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը (տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը ( տեղափոխվել է թիվ 71 քաղաքային հիվանդանոց) եւ 52-ամյա Պողոսբեկով Ա.Ա.-ն (տեղափոխվել է Վիշնեւսկիի անվան վիրաբուժական ինստիտուտ):

Տուժած հայերի քաղաքացիությունը ճշտվում է: Զոհերի թվում հայկական ազգանուններ չկան: