Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին եւ հարակից օրինագծերի փաթեթը: Օրինագիծն ընդունվեց 78 կողմ ձայներով:

Օրինագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած հատվածում ստացել են 7 առաջարկներ, որոնք մեծ մասն ընդունվել են. «Գործող օրենքով արտահերթ ստուգումներ կարող են իրականացվել ինչպես վարչապետի հանձնարարականով, այնպես էլ երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա: Մենք վերանայում ենք այս կանոնը եւ ամրագրում ենք, որ արտահերթ ստուգումներ կարող են իրականացվել միայն վարչապետի գրավոր հանձնարարականով, իհարկե, հնարավորություն թողնելով օգտվել երրորդ անձանց տեղեկություններից»,-ասաց նա:

Նշենք, որ այս օրինագիծը մի շարք փոփոխություններ է առաջարկում. Մասնավորապես, առաջարկվում է բանկերին հնարավորություն տրվի, որ առանց հարկային հետեւանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ այն մարդկանց համար, որոնք մեկ տարում երկու եւ ավելի միատեսակ գույք են օտարել եւ նրանց մոտ ձեւավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն,  նրանց հնարավորություն է տրվում օրենքն ընդունելուց հետո 90 օրվա ընթացքում վճարել միայն հարկի մայր գումարը եւ ազատվել կուտակված տույժերից ու տուգանքներից, որոնք հաճախ գերազանցում են մայր գումարը:

Բացի այդ, հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչեւ օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարելող համարվելու մասին հայտարարություն: Եթե չներկայացնեն, հայտնվելու են ԱԱՀ հարկի եւ գործելու են բարձր հարկային բեռի դաշտում:

Նույն փաթեթով առաջարկվել է մարդատար մեքենաների ներկրման դեպքում բնապահպանական հարկի բեռը վերանայել եւ միայն շարժիչի հզորությունը հաշվի առնող մոդելից անցում կատարել տվյալ նաեւ մեքենայի տարեթիվը հաշվի առնող մոդելին. «Արդյուքնում մինչեւ վերջին երեք տարին թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար հարկային բեռը մոտ 4 անգամ նվազելու է: Մնացած մեքենաների գծով բնապահպանական հարկի բեռը կրկնակի քիչ կլինի, քան սահմանված է այսօր: