Ոստիկանությունը կոչ է անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաեւ նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում եւ, իհարկե, բացահայտում:

Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի եւ յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը:

Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, եւ ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն եւ առարկայական արդյունքներ:

Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաեւ նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:

ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը:

Հանցավոր ցանկացած դրսեւորման համատեղ, արագ եւ արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից»: