Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային համար 18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչեւ Մուշավան:

Ավտոբուսային համար 10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչեւ Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։