Երեւանի ավագանու  ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը անօթեւան քաղաքացիներին բնակարանով ապահովելու համար  պատրաստվում է ձեռնարկել այն նույն բանը, ինչ Զարուհի Փոստանջյանը։  Այս մասին ՀՀԿ–ական ավագանու անդամը հայտարարեց այսօր՝ հունիսի 26-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ պատասխանելով ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչ միջոցներ է վերջինս ձեռնարկելու, որ անօթեւան քաղաքացիներն ունենան սոցիալական կացարաններ։

«Տիկին Փոստանջյան, կարծում եմ, որ այն, ինչ դուք եք ձեռնարկելու, նույն բանը ես եմ ձեռնարկելու որպես ավագանու անդամ»,–պատասխանեց Նաիրա Նահապետյանը։

Արձագանքելով վերջինիս՝ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ «Երկիր ծիրանի» խմբակցությունն ու նրա ղեկավար Զարուհի Փոստանջյանը ծրագրում են Տարոն Մարգարյանի առանձնատները վերածել սոցիալական բնակարանների.  «Քանի որ ձեր եւ տիկին Փոստանջյանի կարծիքնեռրը համընկնում են, երբ եք ծրագրում իրականացնել»,–հարցրեց Մարինա Խաչատրյանը։

Ի պատասխան Նահապետյանը խնդրեց գրավոր ուղղել հարցը, քանի որ այն օրակարգային չէ։