Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխադրողները նամակով դիմել են նորընտիր վարչապետին, որում խնդրել են ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտին: Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Ըստ նրա՝ Երեւանը սպասարկող տրանսպորտային ցանցն անմխիթար վիճակում է, եւ վերջին 3 տարվա ընթացքում 6 երթուղային գիծ է փակվել: «Եւս երկու երթուղի վերջերս է փակվել, իսկ նորերը չեն բացվել»,- պարզաբանեց փորձագետը: Եղիազարյանը համոզված է, որ այս խնդրի լուծման միակ ճանապարհը տրանսպորտի սակագների բարձրացումն է, սակայն՝ ոչ թե բուն ուղեվարձի ավելացման, այլ կառավարության կողմից դոտացիաների հաշվին:

Նա հիշեցրեց, որ 2013 թվականին փորձ արվեց 150 դրամով բարձրացնել տրանսպորտի սակագները, սակայն փորձը ձախողվեց, քանի որ բնակչությունն այլեւս չէր կարող վճարել ուղեւորության համար: Դրանից հետո խնդիրը փորձեցին լուծել վարչապետի եւ նախագահի միջոցով, քանի որ, Հայաստանի փոխադրողների միության նախագահի խոսքով, 100 դրամ ուղեվարձն արդեն չի բավարարում առկա կարիքները:

Ավելին, իսպանացի անկախ փորձագետներն ուսումնասիրել են գոյություն ունեցող երթուղային ցանցերի աշխատանքը եւ հաշվարկել են, թե ինչպես պետք է աշխատեն փոխադրողները: Պարզվել է, որ միկրոավտոբուսներով ուղեւորության դիմաց վճարելու համար 152 դրամ է հարկավոր, 202 դրամ՝ գազով աշխատող ավտոբուսներով եւ 250 դրամ` դիզելային վառելիքով ավտոբուսներով փոխադրման համար:

Բացի այդ, ըստ Հրանտ եղիազարյանի, ավտոմեքենաների 82 տոկոսը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ սպասարկող ընկերությունների ղեկավարները նոր մեքենաներ չեն գնում, քանի որ ստիպված են հարկեր վճարել, ապահովագրություն եւ այլն: