Հինգշաբթի օրը Շանհայում Օտար լեզուների միջնակարգ դպրոցի դիմաց (Shanghai World Foreign Language Primary School), տղամարդը դանակով հարձակվել է չորս մարդու վրա: Տեղական ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով երկու աշակերտուհի զոհվել է, եւս մեկ աշակերտ եւ կին վիրավորվել են, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական Սյունխուեյ թաղամասում տեղական ժամանակով ժամը 11:30-ին:

Հարձակվողը՝ Հուան ազգանունով 29-ամյա գործազուրկ տղամարդը, հարձակվել էր երեք երեխայի եւ կնոջ վրա: Ստացված վնասվածքներից երկու աշակերտուհիները տեղում մահացել են, եւս մի տուժած դեռահասի եւ մեծահասակի վիճակը գնահատվում է որպես կայուն: Նշվում է, որ տղամարդը դանակը ձեռք էր բերել հարեւան սուպերմարկետից, եւ, ըստ ականատեսների, հարձակման ժամանակ նշան էր բռնել զոհերի պարանոցի հատվածին:

Ոստիկանությանը հաջողվել է հանցագործության վայրում ձերբակալել կասկածյալին: Ըստ անվտանգության մարմինների՝ տղամարդը հայտարարել է, որ «հարձակումն իրականցրել է վրեժի եւ հուսահատության պատճառով, քանի որ չէր կարողանում աշխատանք գտնել»: