«Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի ֆունկցիոնալության օպտիմալացման  ուղղությամբ աշխատանքները կավարտվեն 2018 թվականի նոյեմբերին։ Այս մասին հունիսի 29–ին Երեւանում կայացած Հայ–ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցությունը տրանսպորտային ոլորտում կայուն կերպով զարգանում է, եւ ռուսական կողմը, առաջին հերթին, իրականացնում է «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի ֆունկցիոնալության կատարելագործման ուղղությամբ պայմանավորվածությունները։ «Նոյեմբերին կավարտվեն ֆունկցիոնալության օպտիմալացման  ուղղությամբ աշխատանքները՝ մասնավորապես, անցակետի մուտքի երթեւեկության գոտիների թիվը կավելանա մեկից մինչեւ չորս, որն իհարկե էականորեն կբարելավվի տրանսպորտային իրավիճակը»,–նկատել է Մեդինսկին։

Նա հայտնել է, որ երկաթուղային տրանսպորտի ոլորտում շարունակվում է ՀԿԵ-ի երկաթուղային համակարգի կառավարման վերաբերյալ կոնցեսիոն համաձայնագրի իրականացումը՝ հավելելով, որ ՌԴ–ն ՀՀ երկաթուղային համակարգում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար։