Հայաստանում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում: Այս մասին, հունիսի 29-ին, «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա հանդես է եկել հիմնական զեկույցով` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին:

Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող  երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում: