Անհատների, նաեւ պաշտոնատար անձանց կատարած գործողությունները չեմ ցանկանում մեկնաբանել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում ճանապարհորդող ռուսաստանցի քաղաքագետների եւ փորձագետների խմբի հայտարարությունները։
«Հարցը կարող եք ուղղել այդ երկրի ներկայացուցիչներին»,–նշեց նա։
Դիտարկմանը, որ նրանք պաշտոնապես են մասնակցել, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նկատեց. «Դատապարտում ենք իհարկե, մեզ համար հաճելի չի։ Սակայն, նրանց փոխարեն մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում»։
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ Նախիջեւանի սահմանում հակառակորդը կարողացավ այդքան առաջ գալ, նա նշեց, որ «նախկինում արված պատասխանները նույնն են մնում»։
Հիշեցենք, որ Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանցի քաղաքագետների եւ փորձագետների խմբին տարել են շփման գիծ՝ փորձելով Ջոջուղ մարջանլի գյուղը ներկայացնել որպես «ազատագրված», չնայած այն երբեք չի գտնվել Արցախի վերահսկողության ներքո։





























