Խադա կիրճում Սմիթերի ընտանիքի անդամների մահվան կապակցությամբ ձերբակալվել է 1998 թվականին ծնված երիտասարդը, որը կասկածվում է դաժան սպանություն կատարելու մեջ: Այս մասին հուլիսի 9-ին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Մամուկա Չելիձեն, հաղորդում է Georgia Online-ը:
Ըստ նրա՝ այս հանցագործության համար պատիժը ցմահ բանտարկություն է ենթադրում: Հաղորդվում է, որ մահացած Ռայան եւ Լորա Սմիթերը եւ նրանց չորսամյա որդին ապրում էին Մարնեուլիում եւ բողոքական համայնքի անդամներ էին: Ընտանիքը, ըստ տեղական ռադիոյի ղեկավար Կամիլա Մամեդովի, Վրաստանում իր սեփական բիզնեսն ուներ՝ բնական գորգերի արտադրություն: ԱՄՆ քաղաքացիություն ունեցող ամուսիններն ապրում էին Վրաստանում արդեն վեց տարի, Վրաստանի քաղաքացիություն նրանք ստացել էին 2014 թվականին:
Մամուկա Չելիձեի խոսքով՝ նախաքննությունը սկսվել է «անփութության հետեւանքով առողջությանը վնաս պատճառելու» հոդվածով, սակայն բժշկական զննության նախնական տվյալները ստանալուց հետո գործը վերաորակավորվել է «կանխամտածված սպանություն» հոդվածով: Քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածի հետ միասին իրավապահները հայտնաբերել են 2014 թվականին ծնված երեխայի դին:
Հետաքննությունը պարզել է, որ հուլիսի 4-ին, Խադա կիրճում գտնվող ջրվեժի մոտ վիճաբանության արդյունքում ամբաստանյալը որսորդական հրացանից մահացու վիրավորվել է Ռայան Սմիթին եւ նրա չորսամյա որդուն: Լորա Սմիթը, փորձելով փախչել, ընկել է կիրճը եւ մահացել: Ձերբակալվածը հանցագործության վայրում է թողել տղամարդու դին, իսկ երեխայի մարմինը թաքցրել է:
Ըստ ՆԳՆ-ի ներկայացուցչի՝ քննության շրջանակներում կատարվում է մահացածների մարմինների դատաբժշկական փորձաքննությունը: Կկատարվի նաեւ հոգեբուժական փորձաքննություն՝ հոգեկան վիճակը պարզելու համար:

Հասանելի է
русский



























