Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը տեղյակ չէ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի առողջական խնդիրների, մասնավորապես՝ սրտի նոպայի մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Կարապետյանը հայտարարեց, որ Խաչատուրովը մասնակցել է այսօր՝ հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրում անցկացված միջոցառմանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մինչ այդ սրտի նոպա է ունեցել, ինչի մասին Կարապետյանը տեղյակ չէ, վերջինս պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»։ Կարապետյանը միաժամանակ հավելեց, որ Խաչատուրովն իրեն լավ է զգում եւ միջոցառման ամբողջ ընթացքում չի լքել Եռաբլուրը։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բանակի 19-րդ տարեդարձի նախօրեին սպասվում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունը։ Հեռացման մասին լուրն այնքան է հուզել Բանակի գլխավոր շտաբի պետին, որ վերջինս Սերժ Սարգսյանի որոշումն առժամանակ հետաձգելու համար սրտի նոպայով արդեն երկրորդ օրն է՝ գտնվում է հիվանդանոցում:
Հավելենք, որ վերջին շրջանում մամուլում պարբերաբար լուրերն են հայտնվում Խաչատուրովի առողջական վիճակի եւ նրա հնարավոր պաշտոնակության մասին։





























