Հայ ազգային կոնգրեսը բաց է բոլոր այն ուժերի առաջ, ովքեր կընդունեն ՀԱԿ հռչակագրի դրույթները եւ կմիանան բռնապետության դեմ համատեղ պայքարին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է  ՀԱԿ-ի համագործակցությունը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ։

Ըստ Զուրաբյանի, կան մի քանի ցուցիչներ, որոնցով ժողովուրդը կարող է զանազանել իսկական՝ բռնապետության դեմ պայքարող ընդդիմությունը, ոչ իսկական ընդդիմությունից։ Իսկական ընդդիմության առաջին ցուցիչն, ըստ ՀԱԿ համակարգողի, վերջինիս նկատմամբ իշխանությունների վախն է։

Բացի այդ. «Եթե իշխանությունները տվյալ քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքի օրը չեն փակում ճանապարհները, դա նշանակում, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ։ Իսկ եթե փակում են, ուրեմն հանրահավաք է հրավիրել իսկական ընդդիմությունը»,-հայտարարեց ՀԱԿ  համակարգողը։

Նա նաեւ առաջարկեց մի քանի այլ չափորոշիչներ, որոնցով կարելի է տարբերել իսկական ընդդիմությանը։ Օրինակ՝ արդյոք այդ ուժը համարձակվո՞ւմ է իշխանություններին քննադատելիս տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունը, թե՝ ոչ։

NEWS.am-ի հարցին, թե արդյոք Տիգրան Կարապետյանը ոչ իսկական ընդդիմությո՞ւն է, Զուրաբյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի։ Եթե իսկապես կասկած կա, ապա հետեւեք։ Որեւէ քաղաքական ուժ կարող է իսկապես ինչ-որ պահից անկեղծ պայքարել բռնապետության դեմ եւ միանա մեր պայքարին։ Այդ պահը շատ հեշտ է որսալ։ Հենց որ տեսնեք, որ ոստիկանները խանգարում են այդ քաղաքական ուժին, որ տրասնպորտը չի աշխատում, որ նրանց վրա հարձակվում են բազազներն ու ասում, որ այս կարգախոսն իրավունք ունեն օգտագործելու, մյուսը՝ ոչ, ապա իմացեք, որ այդ ուժն անցել է մարտական մկրտումն ու միացել է իշանությանը»։

Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների, իշխանությունները մարդկային ռեսուրսով են ապահովել Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքները: