Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2010 թ. նոյեմբերի վերջի դրությամբ կազմել են 1,8 մլրդ դոլար։ Միջազգային պահուստները կառավարում է կենտրոնական բանկը։
Հայաստանի միջազգային պահուստների մեծ մասը՝ 1,3 մլրդ դոլարը (մոտ 72 տոկոս) արժեթղթերի տեսքով են: Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ են այդ արժեթղթեր հուսալի։ 2008-2009 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ գործնականում գոյություն չունեն հարյուր տոկոսով հուսալի արժեթղթեր, իսկ հուսալիության չափանիշներն էլ շատ արագ են փոխվում։ Անգամ եվրոպական մի շարք կառավարությունների թողարկած արժեթղթերը հայտնվել են ռիսկայինների շարքում։
Առաջին հերթին դա վերաբերում է Հունաստանին, Պորտուգալիային, Իսպանիային։ Ընդսմին՝ Հունաստանը անցյալ տարի կես քայլով էր հեռու դեֆոլտից՝ փրկությունը եկավ միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից։
Հայաստանի Կենտրոնական բանկը սովորաբար չի բացահայտում, թե ինչ արժեթղթերի մեջ է ներդնում միջազգային պահուստները, եւ ինչ եկամուտներ է ստանում դրանցից։ NEWS.am-ը փորձեց գոնե պարզել, թե արդյոք հունական, պորտուգալական կամ իսպանական պարտատոմսեր ունե՞նք։ Կենտրոնական բանկից ստացանք հետեւյալ պատասխանը.
«Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պահուստները տեղաբաշխված են բարձր հուսալիություն ունեցող ակտիվներում:
Հայաստանի Հանրապետության արտաքին պահուստները կառավարվում են հետևյալ 3 սկզբունքներով.
1. անվտանգություն,
2. իրացվելիություն,
3. եկամտաբերություն:
Հաշվի առնելով Ձեր մտավախությունները, կարող ենք հավաստիացնել Ձեզ, որ այս պահին նման ռիսկեր մեր արտաքին ակտիվներում չկան»:
Մինչ ճգնաժամը այս տիպի պարզաբանումները քիչ, թե շատ ընդունելի էին, թեեւ կենտրոնական բանկի կողմից հուսալիության գնահատման չափանիշները միշտ չէ, որ արդարացնում են։ Հիշենք թեկուզ արտաքին պահուստներիղց ոսկու վաճառքի պատճառների մասին պարզաբանումը, ըստ որի՝ ոսկին երկարաժամկետ կտրվածքով քիչ հուսալի եւ եկամտաբերություն չապահովող ակտիվ է։ Հիմա ողջ աշխարհում ոսկին դարձել է հենց ամենանախընտրելի պահուստային ակտիվը։ Եւ ընդհանրապես՝ հիմա աշխարհն այնքան արագ է փոխվում, որ նույնիսկ դասագրքային պոստուլատներն են հնանում:
Նշենք, նաեւ, որ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 52-րդ հոդվածով ԿԲ-ն միջազգային պահուստները կառավարելիս պետք է առաջնություն տա անվտանգությանն ու իրացվելիությանը։ Օրենքում ոչինչ գրված չէ եկամտաբերության մասին։ Այնինչ միջազգային պահուստները դարձել են բավական լուրջ եկամտի աղբյուր։ Միջազգային պահուստները ձեւավորվում են Արժույթի միջազգային հիմնադրամի արտոնյալ վարկերի հաշվին, այնուհետ տեղաբաշխվում առեւտրային պարտատոմսերում:
Կարծում ենք՝ ժամանակն է, որ Կենտրոնական բանկն ավելի հրապարակային դարձնի արտաքին պահուստների կառավարման գործընթացը։ Միեւնույն ժամանակ՝ չկա որեւէ իրավական հիմք, որը կխոչընդոտի միջազգային պահուստների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության հրապարակմանը։
Սամվել Ավագյան




























