Ժողովրդական կուսակցության կռիվը ոչ թե ՀՀՇ-ի, այլ ղարաբաղյան կլանի դեմ է։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի առաջարկին, թե բոլոր նրանք, ովքեր կընդունեն ՀԱԿ հռչակագրի սկզբունքները, կարող են միանալ ընդդիմադիր այդ դաշինքին։
«Մենք ոչ Լեւոնի, ոչ էլ Սերժի հռչակագիրն ենք ընդունելու։ Մենք ժողովրդի հետ ենք եւ ժողովրդի հռչակագիրն ենք ընդունում»,-հայտարարեց Կարապետյանը՝ հավելելով, թե չի պատրաստվում անցնել ոչ մի քաղաքական ուժի թրի տակով։ «Մենք ազատ քաղաքացիներ ենք, Աստծուն հավատարիմ, մաքուր։ Մենք ժողովրդին չենք թալանել, չինովնիկ չենք եղել, գործարան չենք վաճառել։ Մենք Աստծո հռչակագիրն ենք ընդունում ու պատրաստվում ենք խոնարհաբար ծառայել ժողովրդին»,-հայտարարեց ԺԿ նախագահը։
Նա չի բացառում որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը։ Պատրաստվում են համագործակցել Ժիրայր Սեֆիլյանի եւ մի քանի այլ գործիչների նախաձեռնած «Սարդարապատ» շարժման, Մովսես Շահվերդյանի ղեկավարած Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության եւ մի քանի այլ հասարակական-քաղաքական ուժերի հետ։ Տիգրան Կարապետյանը հատուկ շեշտեց, որ երբ իրենք համագործակցության կոչ են անում, երբեք չեն պարտադրում միանալ իրենց հռչակագրին։ «Մենք ասում ենք, եթե արդար ես, արի, եթե արդար չես՝ իրավունք չունես»:





























