Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայան մոտենալիս Սանկտ Պետերբուրգից ժամանող Boeing-737-ի հրամանատարը հաղորդել է բեռների խցիկի բացման ազդանշանի գործարկման մասին: Դեպքը տեղի է ունեցել 4.000 մետր բարձրության վրա:

Արտակարգ վայրէջքից հետո օդանավակայանի աշխատակիցները հաստատել են, որ բեռների խցիկը բացվել է, հաղորդում է «Моя планета»-ն:

Պարզվել է, որ թռիչքի ժամանակ բաց մնացած վանդակից շունը դուրս է եկել, պատռել բեռնախցիկի պաստառները, ինչի հետեւանքով խցիկը մի քանի սանտիմետր բացվել է: Ավտոմատ համակարգը, սակայն, արգելափակել է դրա ամբողջական բացումը: Շունը ողջ է մնացել: