Թմրանյութերի փոխադրմամբ զբաղվող կոլումբիական խոշոր խմբավորման ներկայացուցիչները 200 մլն պեսո (մոտ 70 հազար դոլար) պարգեւ են խոստացել «Ուրվական» անունով ոստիկանական շան կյանքի համար, հայտնում է Tvnotas պորտալը:

Պորտալի տեղեկություններով՝ ծառայության ժամանակ շունը հայտնաբերել է մոտ 9 տոննա կոկաին: Ոստիկանական խուզարկուի հաջողություններն այնպես են վրդովել թմրամաֆիային, որ «Ծոցի կլան» խմբավորման առաջնորդ Դարիո Ուսուգան 200 մլն պեսո է առաջարկել գերմանական հովվաշան գլխի համար:

Նշվում է, որ թմրամաֆիայի հայտարարության մասին տեղեկանալուց հետո իրավապահ մարմինները որոշել են Ուրվականին տեղափոխել Բոգոտայի օդանավակայանում ծառայության: Ոստիկանների կարծիքով՝ այստեղ շունն անվտանգության մեջ կլինի: