Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է այն լուրերը, որ նրա նախկին անձնական թիկնապահ Ալեքսանդր Բենալան իր սիրեկանն է, հայտնում է Le Parisien պարբերականը:
«Ալեքսանդր Բենալան երբեք միջուկային գաղտնագրերը չի տնօրինել, Ալեքսանդր Բենալան երբեք 10 հազար եվրո չի վաստակել, Ալեքսանդր Բենալան երբեք իմ սիրեկանը չի եղել»,- պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հումորով ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ավելի վաղ Le Monde պարբերականը տեսանյութ էր հրապարակել, որում Մակրոնի թիկնապահ Ալեքսանդր Բենալան ծեծում է Փարիզում անցկացված մայիսմեկյան ցույցի մասնակցին: Անցյալ շաբաթ Բենալան Ելիսեյան պալատից հեռացվել էր: Նրա դեմ նախաքննություն է ընթանում՝ ցուցարարին ծեծելու կասկածանքով:
Le Huffington Post պարբերականը նշում է, որ իր ելույթի ընթացքում Մակրոնն անդրադարձել է նաեւ այն լուրերին, որ Բենալան մնացել է իր պաշտոնում, չնայած այն ձեւականորեն կասեցվել է:
«Մենք մամուլ ունենք, որն այլեւս ճշմարտության որոնմամբ չի զբաղվում: Ես տեսնում եմ մեդիաիշխանություն, որը ցանկանում է դատական իշխանություն դառնալ, որը որոշել է, թե հանրապետությունում այլեւս չկա անմեղության կանխավարկած, եւ որ անհրաժեշտ է ոտնատակ տալ տղամարդուն եւ նրա հետ ամբողջ հանրապետությունը»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը:





























