Երկուշաբթի առավոտյան Սոչիում հրդեհի ժամանակ զոհվածները բնակվել են կիսակառույց շենքում, նրանցից կեսը տան տիրոջը հյուր էր եկել Հայաստանից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ՔԿ Կրասնոդարի մարզի Սոչիի ՔՎ Ադլերի շրջանային քննչական բաժնի ղեկավար Եվգենի Կլեպիկովը:
«Սա բնակելի շենք չի, սա մետաղական կառուցվածք է, ինքնակամ կառուցված, այնտեղ փոքրիկ սրճարան են կառուցել, որին կցակառուցել են մետաղական կառուցվածքից երեքհարկանին: Հրդեհը տեղի է ունեցել սրճարանում եւ անցել է կառույցին, որովհետեւ այնտեղ երեսապատում կար եւ այլն»,- հայտարարել է Կլեպիկովը:
Նա նշել է, որ շենքը կառուցման փուլում էր, «մարդիկ ուղղակի այնտեղ ապրում էին»: «Սակայն դա շենք չի եւ միանշանակ հյուրանոց չի… ոչ թե բանվորներ են եղել, այլ, հնարավոր է, այդ սրճարանի աշխատակիցներ: Կեսն ընդհանրապես տիրոջ հյուրերն են, որ եկել էին Հայաստանից, ընկերներ, ազգականներ»,- հստակեցրել է քննիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադլերի շրջանում մասնավոր տան հրդեհի ժամանակ զոհվել է 8 մարդ, եւս երեքը վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում գործել են 60 հրշեջներ եւ 19 միավոր տեխնիկա: Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել երկու եւ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով:




























