Այո, որոշ տարածքներ միշտ լինելու են ավելի մրցունակ, քան այլ տարածքները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«Հարցը հետեւյալն է՝ պետությունն արդյոք իրականացնում է այն բոլոր գործառույթները, որ բոլոր տարածքների բնակիչները կարողանան օգտագործել այդ տարածքի մրցունակ առավելությունները։ Որքան էլ տարածքը լավը լինի, եթե բնակիչը չկարողանա օգտագործել այդ տարածքի ռեսուրսները, անիմաստ է լինելու այնտեղ որեւէ ենթակառուցվածք կառուցելը»,–նշեց նա։
Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ միշտ լինելու են գյուղական համայնքներ, որոնք ինքնաբավ չեն լինելու. «Մենք խոսում ենք, մի կողմից, որ համայնքները պետք է լինի ինքնաբավ, մյուս կողմից ասում ենք, որ գյուղական համայնքները պետք է պահպանվեն։ Երկուսը միատեղելը շատ բարդ է լինելու, որովհետեւ միշտ լինելու են գյուղական համայնքներ, որոնք ինքնաբավ չեն լինելու։ Մենք պետք է հասկանանք՝ պատրաստ ենք տնտեսական ռեսուրսները ոչ արդյունավետ ծախսել, կարող ենք ասել, որ սոցիալական հարց ենք լուծում, բայց տնտեսության տեսանկյունից դա ռեսուրսների ոչ օբյեկտիվ ծախս է»։
Նրա խոսքով՝ կարեւոր է որոշել՝ մենք ուզում ենք, որ համայնքներում մարդ ապրի թե՞ ուզում ենք, որ ՀՀ քաղաքացին, իր ներքին ռեսուրսը օգտագործելով, լավ ապրի։





























