Երեւանի հյուսիսային ավտոկայարանում հուլիսի 31-ին անցկացվեց ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղեւորների եւ ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի գնահատման փուլը:

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 24  կազմակերպություններ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար։

Մշակված է գնահատման հստակ սանդղակ։ Առավելագույնը 40 միավորի շեմն է։ Գնահատվում են վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի տարիքը, տեխնիկական վիճակը, սպասարկման չափորոշիչներն ու տրանսպորտային միջոցի հագեցվածությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ Կառավարության դիմաց բողոքող այն փոխադրողների պահանջներին, որոնք փաստացի ոչ կանոնավորի անվան տակ կանոնավոր փոխադրումներ են իրականացրել: «Մենք հանդիպել ենք նրանց հետ եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի իրենց գործառույթներն օրինականացնենք։ Մրցույթից հետո, եթե համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, նրանք կվերադառնան օրինական դաշտ»,- ասաց նա։

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաեւ փոխադրումները բացառապես ավտոկայարաններից իրականացնելու խնդրին։

«Մշակում ենք ավտոկայարանների հետ համագործակցության նոր քաղաքականություն։ Մրցույթի արդյունքներով ունենալով կանոնավոր փոխադրումներ՝ տվյալ կազմակերպությունը պարտադիր պետք է պայմանագիր կնքի ավտոկայարանի հետ եւ նոր միայն կատարի փոխադրումներ։ Մենք հանրային քննարկումներ ենք անցկացրել թե՛ կանոնավոր, թե՛ ոչ կանոնավոր փոխադրողների հետ եւ եկել ենք այն համոզման, որ սա ամենաճիշտ տարբերակն է»,-ընդգծեց Ա. Փամբուխչյանը։

Արտակ Կնյազյանը, ով բողոքող վարորդների շարքերում էր, նշեց, որ իրենց մասնակցությունը մրցույթին արդեն իսկ առաջընթաց է.

«Ողջունելի է։ Առաջին տպավորությունն այն է, որ հավասար հիմունքներով է մրցույթն անցկացվում։ Այն, որ հնարավորություն ունենք մասնակցելու, արդեն մեծ քայլ է»։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով սահմանված բոլոր չափորոշիչները: