Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական  բյուրոյի հատուկ կարեւոր գործերով ավագ օպերլիազոր Տիգրան Քալանթարյանի կողմից վրաերթի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Տիգրան Քալանթարյանը, 2010թ. նոյեմբերի 7-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Պռոշյան փողոցում վրաերթի է ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող 4 կանանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին Երեւանի Պռոշյան փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի 68 ՍՍ 104 համարանիշի մեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, հարվածել է կանգառում կանգնած 4 հետիոտնի, ապա մտել մասնավոր տան բակ:

Վթարի հետեւանքով 4 կին քաղաքացիներ՝ 46-ամյա Ծովինար Մարգարյանը, 56-ամյա Սեդա Շահբազյանը, 57-ամյա Գայանե Ավանեսովան եւ 66-ամյա Լաուրա Ջավախյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջին երկուսը, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարյանի եւ Սեդա Շահբազյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրության վնասներ: