Արծվաշենի բռնազավթումից 26 տարի անց տեղահանվածների բնակարանային խնդիրը դեռեւս չի լուծվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը:

Նա նշեց, որ այդ հարցով դիմել են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, քննարկումներ են անցկացվում՝ խնդրի լուծման հնարավոր տարբերակները գտնելու համար:

Գյուղապետի խոսքով՝ տեղահանվածներից շատերը 4-րդ կարգի վթարային շենքերում են բնակվում, որտեղ ապրելն այլեւս հնարավոր չէ:

Նշենք, որ գույքային փոխհատուցման համար բնակիչները 2006 թվականին դիմել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դեռ պատասխան չունեն:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ արծվաշենցիները փոխահատուցում են պահանջում Ադրբեջանի տարածքում մնացած իրենց անշարժ եւ շարժական գույքի համար: Բնակիչները նշում են, որ կառավարությունից մեկ անգամ 300 հազար դրամի չափով փոխհատուցում են ստացել 3 տարի առաջ:

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքը բռնազավթվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին: Դրանից հետո գյուղից բռնի տեղահանված բնակիչները հաստատվել են հիմնականում Ճամբարակում եւ հարակից գյուղերում: