Թաիլանդի 77 նահանգներից 37-ում, ինչպես նաեւ մի շարք տուրիստական գոտիներում առաջիկա 2 շաբաթներին առկա է սեզոնային հորդ անձրեւների հետեւանքով առաջացող ջրհեղեղների եւ սողանքների վտանգ, ուրբաթ հայտնել է Տաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Օդերեւութաբանական դեպարտամենտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուրջ հետեւանքներն առավել հավանական են հարավային նահանգներ Սուրաթհանիում, Քրաբիում, Փհուքեթում, Փհանգայում եւ Թրանգում, հյուսիսում՝ Չիանգրայ եւ Քանչանաբուրի նահանգներում, հյուսիս-արեւելքում՝ Ուբոն եւ Նաքհոն Փհանոմ նահանգներում, Թաիլանդի կենտրոնում՝ Լոպբուրի եւ Սարաբուրի նահանգներում եւ երկրի արեւելյան ափամերձ նահանգներ Չաչենգսաոյում եւ Չոնբուրիում, որտեղ են գտնվում Փաթայա եւ Բանգսեն հանգստավայրերը, նշված է հաղորդագրության մեջ:
Տեղատարափ անձրեւների հետեւանքների անմիջական վտանգին հավելվում է անձրեւներով գերլցված ՀԷԿ-երի ջրամբարներից եւ ոռոգման ռեզերվուարներից ջրի արտահոսքը, որոնցից շատերում ջուրն արդեն հասել է կրիտիկական մակարդակի, հաղորդում է հեռուստաալիքը: Ջրի ավելցուկի հոսքը ջրարգելակների վրայով, որոնցով հագեցած են մի քանի խոշոր ջրային ռեզերվուարներ, մեծացնում է գետերում ջրի մակարդակը, եւ գոյություն ունի դրանց հորդացման ու գետափնյա բնակավայրերի ջրածածկման վտանգ: Այսպես՝ Բանգկոկից 120 կմ հեռավորությամբ գտնվող Փհեթչաբուրի քաղաքը, որը նույնանուն նահանգի կենտրոնն է, կարող է մասնակի ջրածածկվել արդեն հանգստյան օրերին, նշված է հաղորդագրության մեջ:
Փորձագետները մտավախություն ունեն, որ հորդ տեղումները շարունակվելու դեպքում Թաիլանդում օգոստոսին եւ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ նոր աղետալի ջրհեղեղ՝ 2011 թվականի ջրհեղեղի նման, երբ հոկտեմբեր-նոյեմբերին ջրածածկ եղան երկրի կենտրոնական հարթավայրային նահանգները: 2011-ին 50 սմ-ից մինչեւ 3 մետր ջրի շերտի տակ հայտնվեց Բանգկոկի տարածքի 2/3-ը, ներառյալ Դոնմիանգ օդանավակայանը, Թաիլանդի մայրաքաղաքի մոտակայքում տեղակայված մի քանի ինդուստրիալ պարկեր:



























