Հինգերորդ սերնդի բջջային կապ (5G), տարատեսակ ռադիոհաճախականությունների ապարատներ, մեքենաների ավտոպիլոտների ռադարների թեստավորման համակարգեր՝ սրանք միայն քիչ մասն են այն մշակումների, որոնց շուրջ աշխատում են այսօր Երեւանի Ինժեներական կենտրոնի մասնագետները։ Այդ մշակումներից մի քանիսը մասնագետները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել այսօր՝ օգոստոսի 22-ին Ինժեներական կենտրոն վերջինիս այցի ընթացքում։ Մի քանի սարքավորումների հնարավորություն են տվել դիպչել, մյուսները՝ դիտել գործողության մեջ։
Կենտրոնի մշակումների մի մասն իր տեղն է գտել միջազգային շուկայում, մյուսների շուրջ դեռ երկար աշխատանք կա անելու, NEWS.am–ի թղթակցին պատմել է կենտրոնի տեխնիկական տնօրեն Վարդան Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այսօր շատ հեռանկարային է աշխատանքը բջջային կապի հինգերորդ սերնդի՝ 5G–ի ստեղծման ուղղությամբ, որը կապահովի տվալների փոխանցման ավելի բարձր արագություն։ Այդ ուղղությամբ մշակումներով այսօր զբաղված են ամբողջ աշխարհում, իսկ հայ ինժեներները հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալ այդ համակարգի ստեղծման եւ զարգացման գործում։ Ներկայումս նրանք աշխատում են թեստավորման մեթոդների շուրջ, որը հնարավորություն կտա բացահայտել բարդությունները եւ խնդիրները, որոնք կարող են առաջանալ բարձր արագությամբ տվյալների փոխանցման պարագայում։
Երբ 5G–ն կդառնա իրականություն, Վարդան Ալեքսանյանը կանխատեսումներ չարեց, սակայն հույս հայտնեց, որ դա տեղի կունենա բավականին արագ՝ արդեն մոտ ժամանակներս։
Հայ ինժեներների մեկ այլ հետաքրքիր մշակում, որը տպավորել է վարչապետ Փաշինյանին, ռադարների աշխատանքի թեստավորման համակարգն էր, որն օգտագործվում է ինքնավար մեքենաներում։ Ինժեներ Գուրգեն Մարգոյանը պատմել է, որ չնայած Հայաստանում ավտոմեքենաների արտադրության բացակայությանը, այնուամենայնիվ մեքենայաշինությանը վերաբերող շատ լուրջ եւ կարեւոր մշակումներ են իրականացվում։ Այդ մշակումներից հետագայում օգտվում են խոշոր ավտոարտադրողները։
«Որպեսզի մեքենան կարողանա առանց վարորդի ընթանալ, նրան պետք է որոշակի «զգացմունքի օրգաններ», որոնց շնորհիվ այն կստանա շրջակա աշխարհի մասին տեղեկություններ եւ կընդունի ճիշտ որոշումներ։ Օրինակ, ռադարը, որը գնահատում է շրջապատի ռադիոհաճախականությունը, հասկանում է՝ ինչ օբյեկտներ են շրջապատում մեքենան, արդյոք շարժվում է այն, եթե այո, ապա ինչ արագությամբ։
Դա ե՛ւ տեսախցիկ է, որը նկարահանում է շրջապատը, ե՛ւ լազերային սքաներ։ Այդ ամբողջ մեխանիզմի շնորհիվ մեքենան կարող է ճիշտ հասկանալ՝ ինչ է շուրջը տեղի ունենում, եւ ընդունել ադեկվատ որոշումներ՝ արգելակել, շրջվել, ավելացնել արագությունը եւ այլն»,–պատմել է մասնագետը։
Ավտոպիլոտը հաճախ փորձարկում են հենց փողոցում, որը բավականին վտանգավոր է։ Վերջերս, օրինակ, Փենսիլվանիայում այդպիսի ավտոմենքենան հարվածել էր անցորդին։ Այդպիսի դեպքերից խուսափելու համար ավտոպիլոտը լավ կլինի փորձարկել լաբորատոր պայմաններում։ Հայ մասնագետները մշակում են հենց ավտոպիլոտի ռադարի փորձարկման համակարգ։ Համակարգը ազդանշաններ է արձակում, որոնք ռադարն ընդունում է որպես խոչընդոտ, արհեստական ինտելեկտը վերլուծում է ստացված տվյալները եւ որոշում ընդունում։
Գուրգեն Մարգոյանը վստահ է, որ նրանց մշակումը իսկապես արդյունավետ եւ անվտանգ ավտոպիլոտի կարեւոր մաս է։ Ավելին, մասնագետը վստահ է, որ երբ ավտոպիլոտը իրականություն դառնա եւ բոլոր մեքենաները դառնան ինքնավար, ՃՏՊ–ների թիվը կկրճատվի ռեկորդային ցածր ցուցանիշի։
«Վթարների ավելի 90 տոկոսը մարդկանց մեղքով է տեղի ունենում, մարդկային անուշադրության պատճառով։ 6 տոկոսից պակասն էլ տեխնիական խնդիրների պատճառով»,–ասել է մասնագետը։
Կենտրոնի մշակումների մեծ մասը արտահանվում է՝ կենտրոնը համագործակցում է աշխարհի 70 երկրների հետ եւ այդ երկրներից ստանում է ամենատարբեր պատվերներ։ Մոտ ապագայում նախատեսվում է կենտրոնը վերածել իսկական ինժեներային ավանի, որտեղ ավելի շատ հնարավորություններ ու հեռանկարներ կլինեն։





























